ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Ղարաբաղի աստղագետը»

«Ղարաբաղի աստղագետը»
28.08.2025 | 10:29

Րաֆֆի հայ վիպասանության հայրը եղավ. մեր Սքոթը, եթե կուզեք, որ կրցավ կենդանի կերպով ոգեկոչել անցյալը և մարգարեանալ ապագան:

Դանիել Վարուժան

Ռուսերենից թարգմանելով Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» (Карабагский Астрологь) անունով վեպը՝ Րաֆֆին գրում է.

«Մեր նպատակն է եղել ծանոթացնել հայ հասարակությանը այդ գեղեցիկ աշխատության հետ, որի նյութը առնված լինելով Ղարաբաղի մելիքների կյանքից, հարկավ, մեզ` հայերիս համար պետք է շատ հետաքրքիր լինի»: Գիրքը տպագրվել է Մոսկվայում 1834 թ.: Այդ գիրքը, ըստ Րաֆֆու, թանկագին է մեզ համար այն պարզ պատճառով, որ իբրև «մի պատմական արձանագրություն», ճշմարտացիորեն ներկայացնում է մեզ այն աղետալի հանգամանքները, որոնք Ղարաբաղի իշխանությունների քայքայման և անկման պատճառը դարձան: Եվ ինքը` հեղինակը, այդ նպատակով է գրել իր վեպը, և դրա համար էլ կոչում է նրան «Անդրկովկասյան պատմական վեպ» (էջ 279): …

Վեպի թարգմանության առաջաբանում Րաֆֆին այն համոզման է, որ «Պատմական անցքերը նույնպես կրկնվում են մի ազգի կյանքում, որպես կրկնվում են նրանք մի անհատի կյանքում: Զուբովը վեր է առել միայն 1750 թվականների Ղարաբաղում կատարված անցքերը: Բայց այդ մի փոքրիկ կտորի մեջ նա ցույց է տալիս այն բոլոր դժբախտությունները, որ կրել է Հայաստանը ավելի հին դարերում: Ո՞վ չգիտե, որ ամեն անգամ, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվել, երբ թշնամին կամեցել է բռնանալ մեր երկրի վրա, երբ օտարը մտածել է ոչնչացնել հայկական գահն ու գայիսոնը, այդ միջոցներում գտնվել է մի հայ, մի վատ դավաճան, որը թշնամու ձեռքում գործիք է դարձել, որը առաջնորդել է նրան և իր հայրենիքը մատնել է օտարի ձեռքը:

Մելիք-Շահնազարյանի տիպի մեջ հեղինակը ցույց է տալիս մեզ մի այսպիսի մարդ (էջ 281-282):

Մելիք-Շահնազարյանը Վասակի, Մեհրուժանի կամ Վեստ-Սարգսի նման տիպ չէ: Նա բարի մարդ է, նա սիրում է իր հայրենիքը, բայց այնքան կամքի զորություն և բնավորության ուժ չունի, որ հայրենիքի ընդհանուր շահերը գերադասե իր անձնական նեղ կրքերից: Նա միանում է Փանահ խանի հետ, օգնում է նրան, զորացնում է, բարձրացնում է, միայն թե կարողանա նրա փառքով ոչնչացնել Ղարաբաղի մնացած հայ մելիքներին:

Քանի՜- քանի՜ անգամ այդ տխուր երևույթը կրկնվել է հայոց պատմական կյանքում, քանի՜ անգամ հայոց իշխանները միացել են օտարների հետ և սկսել են իրենց հայրենիքի շահերին հակառակ գործել, սկսել են ոչնչացնել իրանց նման հայ իշխաններին: Բայց պատմությունը միշտ պատժում է այսպիսիններին: Նրանք ոչնչացնելով ուրիշներին, ոչնչանում են և իրանք: Նրանք իրանց նմաններին օտարի լծի տակ դնելով, իրանք նույնպես օտարի ստրուկ են դառնում: Նույնը պատահեց և Մելիք-Շահնազարյանի հետ: Նա սկզբում նպաստեց Փանահ խանին իշխել Ղարաբաղի անկախ մելիքների վրա, վերջը ինքն ևս նույն խանի հպատակը դարձավ, կորցրեց իր անկախությունը (էջ 283):

Ստորև ներկայացվում են Րաֆֆու` Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» գրքի թարգմանության առաջաբանից հատվածներ:

«Կարդալով «Ղարաբաղի աստղագետը», ընթերցողը կնկատե այն ջերմ համակրությունը, որ արտահայտվում է հեղինակի յուրաքանչյուր տողից հայոց ժողովրդի և մելիքների վերաբերությամբ: Իր վեպի մեջ հեղինակը` Զուբովը, շոշափում է այն զգալի վերքերը, որոնք մեր ազգի պատմական կյանքում շատ անգամ եղել են հայկական իշխանությունների անկման և մահացության պատճառները: Այդ վերքերն են` ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՆԵՐՔԻՆ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Ցույց տալ դրանց վնասակար հետևանքները, կացուցանում է «Ղարաբաղի աստղագետի» գլխավոր նպատակը:

Ահա ինչ է ասում հեղինակը (Զուբովը) Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյանի բերանով. «Երկպառակությունը և ներքին կռիվները ոչնչացրին հայոց թագավորությունը, որ մի ժամանակ ծաղկած էր և կանգնած էր խիստ նշանավոր աստիճանի վրա հին թագավորությունների շարքում: Մենք, միայն Ղարաբաղի լեռնական մելիքներս, պահպանեցինք մեր անկախությունը: Մեր նախնյաց քաջագործությունները հարգված էին մինչև անգամ Շահ-Աբաս Մեծից… Բայց ինչո՞վ մեր նախնիքը կարողացան այնպես հաջողությամբ պատերազմել այդ մեծ թագավորի դեմ: Միայն նրանով, որ Խամսայի բոլոր հինգ մելիքները միացած էին բարեկամության և արյան ամուր դաշնակցությամբ: ՆՐԱՆՑ ՀԱՋՈՐԴՆԵՐԸ ՀԵՏԵՎԵՑԻՆ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ, ԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵՑԱՎ (ընդգծումներն իմն են` Ն. Ս.):

Նույն դառն բողոքը հայտնում է հեղինակը և Թալիշի մելիքի բերանով, երբ Փանահ խանը արդեն բավականաչափ բռնացել էր Ղարաբաղի վրա.

«Այդ բոլորի պատճառը մեր ներքին երկպառակություններն են: …Բայց մենք բոլորս, Խամսայի հինգ փոքրիկ իշխանություններս, որոնք հայոց հռչակավոր թագավորության վերջին մնացորդն ենք, սկսեցինք անդադար միմյանց հետ վիճել, միմյանց հետ կռվել, և ամեն մի հիմար բանի վրա, ամեն մի չնչին հարցի պատճառով սկսեցինք միմյանց հետ պատերազմել: Եվ ի՞նչ եղավ մեր ներքին կռիվների արդյունքը, այն, որ շահեցինք մեզ վրա մի օտար հրամայող…»:

Իբրև նյութ իր հետաքրքիր վիպասանության, հեղինակը վեր է առել 1750 թվականներում Ղարաբաղի մեջ կատարված անցքերը: Այդ ժամանակ Ղարաբաղի նահանգում կային հինգ հայկակական իշխանություններ, … և բոլորը միասին կոչվում էին Խամսայի մելիքություններ:

Զուբովը ներկայացնում է մեր պատմության տխուր ստվերագիրը» (էջ 280-282):

«Ղարաբաղի հայոց մելիքները ներկայանում են Զուբովի վեպի մեջ իբրև քաջ, խստաբարո և չափազանց վեհանձն մարդիկ, բայց միևնույն ժամանակ սաստիկ անքաղաքագետ և դյուրախաբ մարդիկ: Որոնց ընդհակառակն, նրանց թշնամին` ջվանշիրցի Փանահ խանը, … քաջության հետ միացրել է և խորամանկությունը, այդ պատճառով էլ հաղթող է հանդիսանում: Քաջությունը առանց դիպլոմատիայի կորցնում է իր զորության նշանավոր մասը:

Փանահ խանի գործիքը` աստղագետ Հասանը, որ պտտեցնում է իր փորձված ձեռքում Ղարաբաղի ճակատագրական աստղը, այդ մեծ խաբեբան ներկայացնում է պարսկական մարմնացած խորամանկության կատարելատիպը:

Ամեն մի հայ, առանձին վեր առած, խելացի է, գուցե բավական խորամանկ է իր մանր հաշիվների մեջ, բայց ազգովին վեր առած, չէ կարելի ասել, թե խելացի է, այլ ընդհակառակն, չափազանց դյուրախաբ և միամիտ ժողովուրդ է:

Հայկական բնավորության այդ թույլ կողմերը ավելի որոշ գծերով երևում են «Ղարաբաղի աստղագետի» մեջ, իսկ մանրամասները կարելի է տեսնել մեր «Խամսայի մելիքությունները» կոչված գրքում, որ բովանդակում է իր մեջ Ղարաբաղի վերջի տարիների պատմությունը: Այդ երկու աշխատությունները անմիջական կապ ունեն միմյանց հետ… » (էջ 285):

Րաֆֆի

Րաֆֆի, «Ղարաբաղի աստղագետը կամ Շուշի բերդի հիմնարկությունը 1752 թվականին», Անդրկովկասյան պատմական վեպ, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 12, Եր., 1999 թ.:

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3326

Մեկնաբանություններ